
«Էմերալդ ցանցը» կենսական նշանակություն ունի Եվրոպայի առավել արժեքավոր բնական միջավայրի և տեսակների պահպանության և կայուն զարգացման խթանման գործում։ Արևելյան գործընկերության (ԱԳ) երկրներում իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով «Էմերալդ ցանցի խորքային ուսումնասիրություն։ Իրավական շրջանակից մինչև համայնքի ներգրավում» խորագրով առցանց դասընթացի շրջանակներում առաջարկվում է համապարփակ և գործնական ուսումնական հարթակ քաղաքականություն մշակողների, պրակտիկ մասնագետների և շահագրգիռ այլ կողմերի համար։
Արդյունավետ պաշտպանության համար գիտելիքների ձևավորում
Դասընթացը մշակվել է «Էմերալդ ցանցի»վերաբերյալ պատկերացումը խորացնելու նպատակով՝ ընդգրկելով դրա իրավական հիմքերը, ինստիտուցիոնալ կառուցվածքը և կառավարման մեթոդները։ Մասնակիցները ծանոթանում են, թե ինչպես է ցանցը ներդաշնակեցված Եվրոպական միության բնապահպանական օրենսդրությանը, մասնավորապես՝ «Բնություն 2000» (Natura 2000) ցանցի շրջանակին, և ինչպես է այն նպաստում կենսաբազմազանության ոլորտում ազգային և միջազգային պարտավորությունների կատարմանը։
Դասընթացը կենտրոնանում է հարմարվողական կառավարման, մոնիթորինգի և շահագրգիռ կողմերի ներգրավման վրա՝ նպատակ ունենալով բնության պահպանությունն ավելի արդյունավետ և ներառական դարձնել։ Այն նաև ընդգծում է պահպանվող տարածքների և տեղական համայնքների միջև կապը՝ ցույց տալով, թե ինչպես կարող են «էմերալդ ցանցի» լավ կառավարվող տարածքները նպաստել կայուն տնտեսական գործունեությանը, խրախուսել համայնքների մասնակցությունը և ապահովել բնության պահպանության համար երկարաժամկետ աջակցություն։
Դասընթացի համառոտ նկարագիրը
Ուսումնական ծրագիրը 3,5 ժամ տևողությամբ, ինքնուրույն ուսուցման համար նախատեսված դասընթաց է, որը կազմված է 12 մոդուլից և մասնակիցներին ուղղորդում է հիմնարար հասկացություններից մինչև գործնական կիրառություն։
2–11-րդ մոդուլները համատեղում են բազմազան ուսումնական նյութեր, այդ թվում՝ ձայնային մեկնաբանությամբ շնորհանդեսներ, անիմացիոն տեսանյութեր, գործնական դեպքերի ուսումնասիրություններ, քարտեզներ, փորձագետների հետ հարցազրույցներ, լրացուցիչ ընթերցանության նյութեր և ինքնագնահատման կարճ թեստեր։
Դասընթացն ավարտվում է նյութի յուրացման մակարդակը գնահատող ամփոփիչ թեստով, որը նախատեսված է մասնակիցների գիտելիքներն ու ըմբռնումը գնահատելու համար։ Դասընթացն ավարտելու մասին հավաստող թվային հավաստագիր ստանալու համար մասնակիցները պետք է հավաքեն 80% միավոր և ավելի։ Դասընթացն ավարտելուց հետո մասնակիցներին նաև առաջարկվում է հետադարձ կապի ապահովման ձևաթուղթը լրացնելու միջոցով կիսվել իրենց կարծիքներով։
Նախապատմություն
Դասընթացը ֆինանսավորվել է ԵՄ-ի կողմից «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի ծրագրի» շրջանակներում և մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ «Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի բնապահպանական կազմակերպություններ» (ELLE) ՍՊԸ-ի (Estonian, Latvian & Lithuanian Environment SIA (ELLE)) և Սլովակիայի գիտությունների ակադեմիայի Լանդշաֆտային էկոլոգիայի ինստիտուտի (ILE) աջակցությամբ՝ «Արևելյան գործընկերության երկրներում կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանության («Էմերալդ ցանց») ոլորտում տարածաշրջանային համագործակցություն, տեղեկատվության և գիտելիքների փոխանակում» միջոցառման շրջանակում։
Գրանցման վերաբերյալ մանրամասն հրահանգներին կարող եք ծանոթանալ այստեղ։