Birds of Armash. Photo credit: Berta Photography.
Կյանքով լի ջրաճահճային տարածքներ
Լուսաբացին «ԲրդԼինքս Հայաստան» բնապահպանական ՀԿ-ի թռչնաբան Անուշ Խաչատրյանը, զգուշորեն քայլում է բարձրացված ափամերձ ճանապարհով։ Նրա ձախ կողմում ամառային մեղմ քամուց շրշյունով բացվում են եղեգնուտները ՝ բացահայտելով կապույտ ջրի լայնածավալ տարածքներ։
Հանկարծ հարյուրավոր ջրային թռչուններ՝ այդ թվում որորներ, եղտյուրիկներ, ավազակտցարներ և տառեղներ, թափահարում են թևերը և երկինք են բարձրանում։ Անուշը բարձրացնում է հեռադիտակը և նկատում շարժում ոսկեգույն ցողունների միջով։
«Ահա սպիտակագլուխ բադը», — շշնջում է նա, ցույց տալով երկրի ոչ մի այլ վայրում չբնադրող այս վտանգված տեսակը։ Թռչնի տպավորիչ կապույտ կտուցը փայլում է առավոտյան լույսի տակ։
Բեմահարթակը Արմաշի ջրաճահճային տարածքներն են, որոնք գտնվում են արարատյան դաշտավայրի սրտում և զբաղեցնում են մոտ 6000 հեկտար տարածք։ Ավելի քան 200 տեսակի թռչունների, այդ թվում՝ վտանգված սպիտակագլուխ բադի, բնակավայր հանդիսացող ճահճուտները տարեկան մեկ միլիոնից ավելի չվող թռչունների համար կանգառ են: Արմաշը յուրահատուկ տեղ է զբաղեցնում երկրի կենսաբազմազանության պահպանման համակարգում: Իրենց էկոլոգիական նշանակությունից զատ, ջրաճահճային տարածքները կարևոր դեր են խաղում մոտակա համայնքների տնտեսություններում, որոնք կախված են նրա ջրերից ձկնորսության, գյուղատնտեսության և սեզոնային բերքահավաքի համար:
Հայաստանը, որը 2026 թվականին պատրաստվում է հյուրընկալել համաշխարհային նշանակության կենսաբազմազանության կողմերի համաժողովը (COP 17) , զգալի առաջընթաց է գրանցել Արմաշում գտնվող կարևորագույն կենսամիջավայրը պահպանելու ուղղությամբ։ Այս տարածքը ներկայումս Էմերալդ ցանցի թեկնածու է, որը պաշտպանում է խոցելի և արժեքավոր տեսակներն ու կենսամիջավայրերը և տարածում է եվրոպական բնության պահպանության չափանիշները Եվրամիության սահմաններից դուրս։

Թռչնաբան Անուշ Խաչատրյան։ Լուսանկարի հեղինակ՝ Berta Photography:
Տարածքի վերջնական ընդգրկումը Էմերալդ ցանցի պաշտպանվող տարածքնում Արմաշին կապահովի միջազգային ճանաչում, լրացուցիչ ֆինանսավորման հնարավորություններ և պահպանման կառավարման համար տեխնիկական օգնության հասանելիություն։
Տնտեսական տեսլական
Արմաշի հաջողությունը հիմնված է շահույթի և պահպանության համադրության վրա։ «Արմաշի կարպալճային տնտեսություն» ՓԲԸ սեփականատեր Արտակ Զադոյանը կիրառում է բիզնես մոդել, որը նվազագույնի է հասցնում վայրի բնությանը հասցվող վնասը՝ միաժամանակ ստեղծելով եկամուտ, ինչը կոչվում է նաև ցածր ազդեցության գյուղատնտեսություն:
«Մենք փորձում ենք համատեղել վայրի բնության պահպանությունը մեր բիզնեսի հետ»,- ժպտալով բացատրում է նա՝ դիտելով, թե ինչպես են որոշ թռչուններ, մասնավորապես՝ հավալուսնները, որսում իր կարպերը:
Ի սկզբանե արհեստական ձկնակերից հրաժարվելը ձկնաբուծարանի կողմից տնտեսական որոշում էր՝ գյուղատնտեսական հարկային կարգավիճակը պահպանելու համար։ Սակայն դա ստեղծել է թռչունների համար իդեալական պայմաններ՝ ապահովելով դրանց սնունդը։
Ավելին, Արտակը նախատեսում է օգտագործել որոշ լճակներ առանց թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործման բրինձ աճեցնելու համար: Քիմիական նյութերից զերծ բրնձի դաշտերը կստեղծեն ջրալող թռչունների համար անվտանգ կերակրման տարածքներ՝ միաժամանակ ապահովելով առողջ սնունդ մարդկանց համար։
Արմաշում որսը դեռևս թույլատրված է, և դրա աստիճանական արգելքը պահանջում է զգուշավոր բանակցություններ Հայաստանի որսորդական միության հետ։ Մոնիթորինգն ու պաշտպանությունը առանցքային են։ Նվեր Գրիգորյանը, տարածքի կառավարիչը, հսկում է տարածքը՝ ուշադիր հետևելով որսագողերին։ Բազմացման և չուի ժամանակ լճերը խստիվ արգելված են որսորդների համար։
Արդյունքները խոսում են իրենք իրենց մասին․ «ԲրդԼինքս Հայաստան» բնապահպանական ՀԿ-ի տվյալներով, համաշխարհային մակարդակով վտանգված սպիտակագլուխ բադի պոպուլյացիան 2003 թվականի չորս բնադրող զույգից աճել է մինչև 17 զույգ 2024 թվականին։ Հազվագյուտ տեսակների, օրինակ՝ 23 ֆլամինգոների, դիտարկումները 2025 թվականին ցույց են տալիս, որ Արմաշը դառնում է չվող թռչունների ապաստարան:

Սպիտակագլուխ բադ։ Լուսանկարի հեղինակ՝ Berta Photography:
Այլ հազվագյուտ տեսակներ, ինչպիսին է սպիտակապոչ եղտյուրիկը, հանդիպում են միայն այստեղ և Հայաստանի ոչ մի այլ վայրում։
Աճ էկոտուրիզմի միջոցով
Համաշխարհային բանկի փորձնական կառավարման պլանը, որը մշակվել է EU4Environment ծրագրի շրջանակներում, առաջարկում է որսորդությունը փոխարինել էկոտուրիզմով և թռչնադիտարկմամբ՝ որպես տեղական տնտեսական աճի երկարաժամկետ մոդել։ Այն սահմանում է Արմաշի կենսամիջավայրերի և տեսակների վրա առկա ճնշումների և սպառնալիքների հաղթահարման կոնկրետ միջոցառումներ՝ միաժամանակ հաշվի առնելով տեղական շահագրգիռ կողմերի տեսակետներն ու շահերը։ Կառավարման պլանն առաջարկում է որսորդությունը փոխարինել թռչունների դիտարկմամբ և էկոտուրիզմով՝ կայուն միջոցառում ինչպես տնտեսական աճի, այնպես էլ երկարաժամկետ պահպանման համար։
Այս վայրն արդեն իսկ գրավում է փորձառու թռչնադիտորդներին, «ովքեր ճանապարհորդել են աշխարհով մեկ», ինչպես նրանց նկարագրում է Անուշը։
Այցելուները վճարում են 12 դոլար մուտքի վճար և այժմ կարող են մնալ տարածքում գտնվող հյուրատանը։
Նվերը նաև մեղր է արտադրում և արևածաղկի սերմեր է հավաքում՝ հույս ունենալով այցելուներին առաջարկել «սերմից՝ սեղան» հայեցակարգի փորձառություն։
«Սա շատ լավ կլինի համայնքի համար», – բացատրում է նա։ «Եթե ավելի շատ զբոսաշրջիկներ գան թռչուններ դիտելու, գումար վաստակելու ավելի շատ հնարավորություններ կլինեն»։
Մոդելի ընդլայնումը Հայաստանում
Հայաստանը կանգնած է լանդշաֆտային ճգնաժամի առջև. ավելի քան մեկ դար շարունակված ջրահեռացումը, մասնավորապես խորհրդային ժամանակաշրջանում, ավերել է ջրաճահճային տարածքների էկոհամակարգերը։
Արմաշում իրականացվող աշխատանքների հրատապությունը չի սահմանափակվում միայն այս մեկ տարածքով։ Այն ցույց է տալիս, թե ինչպես տեղական գործողությունները և միջազգային աջակցությունը կարող են շրջադարձել տասնամյակների ընթացքում ճահճուտների քայքայումը։ ԵՄ Restore4Life նախագծի շրջանակներում նախատեսում է վերականգնել գրեթե 100 հեկտար ջրաճահճային տարածք, ինչը նաև կզարգացնի թռնադիտարկման ենթակառուցվածքները և կստեղծի տարածք տեղական համայնքի կողմից հյուրընկալության և ծառայությունների մատուցման համար: Սա կարող է իրականություն դարձնել Նվերի հույսերը: Համաշխարհային բանկի 9,95 միլիոն դոլար արժողությամբ RESILAND («Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ») ծրագիրը աջակցում է անտառների և ջրաճահճային տարածքների վերականգնմանը Հայաստանի այլ վայրերում, այդ թվում՝ արարատյան դաշտավայրում։
Վերադառնալով ափամերձ տարածք՝ Անուշը ուղղում է հեռադիտակը և մատնացույց անում փոքրիկ կղզում հավաքված հավալուսնների մի ընտանիքի։ Ճահճային մկնաճուռակները սավառնում են գլխավերևում։
«Արմաշն իմ իմացած ամենահիասքանչ վայրերից մեկն է», – ասում է նա։
COP 17-ի մոտենալուն զուգընթաց Արմաշն ընդգծում է Հայաստանի հանձնառությունը պահպանելու իր բնական հարստությունները։
